Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ոսկե ծիրանի» անակնկալների ընտրանին

«Ոսկե ծիրանի» անակնկալների ընտրանին
01.07.2016 | 01:42

Կինոփառատոնը չի հիասթափեցնի աստղային փայլին վարժված հայ հանրությանը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը 13-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացում հայաստանյան և արտասահմանյան կինոհասարակության առաջ՝ մատուցելով իրեն բնորոշ տպավորիչ ու անսպասելի անակնկալներ:


Հերթական մամլու ասուլիսի ժամանակ, նախափառատոնյան ծանրաբեռնվածությունն ու լարվածությունը վարպետորեն քողարկած, հավատարիմ կոկետորեն ու հյութեղ կատակաբանելու ավանդույթին, կազմակերպիչները հանգամանորեն ներկայացրին իրենց պատրաստած կինոանակնկալները:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը խոստովանեց, որ մեր երկիրը փոթորկած ապրիլյան պատերազմը հրավիրյալների համար որոշակի մտահոգությունների առիթ է եղել, բայց և այնպես, շատերը, ի վերջո, ոգևորվել են և ցանկացել գալ Երևան /այս հարցում վճռորոշ է եղել Հռոմի պապի այցելության փաստը Հայաստան/:
Այս տարի կինոփառատոնի բացումը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում՝ կինոիրադարձության համար առավել բնահատուկ միջավայրում՝ հայկական «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ և շոուի տարրերի ոչ շռայլ առկայությամբ:


Միջազգային ժյուրին կնախագահի մեր ժամանակի մեծագույն հայերից մեկը՝ Տիգարան Մանսուրյանը, որի համաձայնությունն ստանալու համար կազմակերպիչերից բավական ժամանակ և ջանք է պահանջվել:
Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց կինոփառատոնում ցուցադրվելիք ֆիլմերի ու ծրագրերի վերաբերյալ: «Կաննի կինոփառատոնում ստվերում մնացին այն ֆիլմերը, որոնք նախօրոք համարվում էին հիմնական ֆավորիտները: Եվ մենք որոշեցինք ներկայացնել Կաննի կինոփառատոնի այն ֆիլմերը, որոնք ինքներս հավանել ենք: Դրանցից մեկը հենց փակման ֆիլմն է՝ «Անծանոթուհին»,- մասնավորապես ասաց նա:
«Մեր կինոփառատոնը փորձում է պահպանել այն նշաձողը, որը կազմակերպիչներս սահմանել ենք ինքներս մեզ համար: Մենք ներկայացնում ենք լավագույն ֆիլմերը, որ կան թե՛ ժամանակակից համաշխարհային կինոյի, թե՛ դասական կինոյի ասպարեզում»,- ասաց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Նա մասնավորապես կարևոր համարեց «Հարավսլավական սև ալիքի» ամենախոշոր և ակնառու ներկայացուցիչներից մեկի` սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ժամանումը Երևան, Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահի առաքելությունն ստանձնելը և նրա բազմաթիվ ֆիլմերի ցուցադրությունը կինոփառատոնի օրերին:


Կինոփառատոնի այս տարվա հետաքրքիր ու գերժամանակակից նորամուծության մասին խոսեց «Cult.am» կայքի տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը: Նրա ղեկավարած կայքը ոչ միայն առցանց տեղեկացնում է ֆիլմերի մասին, այլև հնարավոր դարձնում դրանց տոմսերի ձեռքբերումը համացանցի միջոցով:


Կինոփառատոնի օրերին հայ հանդիսատեսին սպասվող կարևոր իրադարձությունների համապատկերն այսպիսն է: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը. Ամենասովորական քաղաքացի, Մաջիդ Բարզեգար (Իրան/Չեխիա), Հրավառ ծովը, Ջանֆրանկո Ռոզի (Իտալիա/Ֆրանսիա), Անամուսնական ճամփորդություն, Դմիտրի Իզմեստև (Ռուսաստան), Քամու հուշեր, Օզջան Ալփեր (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա/Վրաստան), Սիրելի Հանս, թանկագին Պյոտր, Ալեքսանդր Մինդաձե (Ռուսաստան/Գերմանիա/Մեծ Բրիտանիա), Սիեռանևադա, Քրիստի Պույու, (Ռումինիա) Արևի շողերի տակ, Վիտալի Մանսկի, (Ռուսաստան/Լատվիա/Գերմանիա/Չեխիա/Հյուսիսային Կորեա):
Հետահայաց ցուցադրություների ծրագրում կներկայացվեն Ժելիմիր Ժիլնիկի «Սև ֆիլմ», «Հանուն Էլլայի», «Եվրոպա ամրոցը», «Հաշվառում», «Հունիսյան խռովություն», «Քենեդին տուն է վերադառնում», «Որտե՞ղ է եղել Քենեդին երկու տարի շարունակ», «Փոքրիկ պիոներները», «Հանդես գյուղական երիտասարդության մասին ձմռանը», «Գործազուրկները», «Ձվեր նետելով», «Տիտոն սերբերի մեջ, երկրորդ անգամ», «Յազակի ապստամբությունը», «Նպատակակետը՝ Սերբստան» ֆիլմերը:
Անվանի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը, որ Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ է, կներկայանա ռեժիսորական՝ երեք /Ճակատագիր, Մայրամուտ, Անկում/ և օպերատորական մեկ /Քաղցրավենիք/ աշխատանքով:
Այս տարի փառատոնը կհյուրընկալի նաև հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերում խաղացած Ժակլին Բիսեթին: Կցուցադրվեն երեք ֆիլմ, որոնցում նա հանդես է եկել գլխավոր դերակատարումներով. Բուլիթ /Փիթեր Յեյթս/, Սպանություն Արևելյա ճեպընթացում /Սիդնի Լյումեթ/, Ամերիկյան գիշե /Ֆրանսուա Տրյուֆո/:


Հարգանքի տուրք կմատուցվի հայ հայտնի վավերագրող Ռուբեն Գևորգյանցին՝ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հատուկ երեկոյի ընթացքում կցուցադրվի Գևորգյանցի՝ 2006 թվականի արտադրության «Հրաշագործի աշունը» ֆիլմը, որը պատմում է իտալացի արվեստաբան Տոնինո Գուերայի կյանքի մասին: Ռուբեն Գևորգյանցը կստանա Փարաջանովյան թալեր, ինչպես և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակը:
Հաջորդ մեծարվողն այս տարի կլինի 75-ամյա Ռոման Բալայանը: Նա կստանա Վեհափառի «Եղիցի լույս» մրցանակը:


«Մոսկվա» կինոթատրոնի աստղային հրապարակը կհամալրվի երեք աստղով՝ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանի և առայժմ միակ օպերատոր Ալբերտ Յավուրյանի /հուսանք ունենալ նաև Լևոն Աթոյանցինը/: Այս առիթով Հարություն Խաչատրյանը նկատեց. «Ապրողներին օգնել պետք է, բայց գնացածներին էլ չմոռանանք: Որովհետև նրանք շատ կարևոր մարդիկ են եղել հայկական կինոյի համար: Նորից վերապատմենք նրանց մասին, նորից վերագնահատենք»:
«Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագիրը կներառի հայ ռեժիսորների քսանմեկ ֆիլմ, ինչպես նաև օտարերկրյա արտադրության ֆիլմեր, որոնք անդրադառնում են Հայաստանին և հայերին:


Փառատոնը կեզրափակվի աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների «Անծանոթուհին» կինոնկարի ցուցադրությամբ:
Հարություն Խաչատրյանի հետ ճեպազրույցում պարզեցինք, որ կինոփառատոնի բացման «Զարե» ֆիլմը թվայնացնելու համար ծախսվել է զգալի գումար, գործը արվել է Մոսկվայում: «Ժապավենը թվայնացրինք՝ առանց հնությունը կորցնելու, չփակեցինք ժապավենի վրա եղած խզված հատվածները: Կարծում եմ, որ սա, մեծ հաշվով, լավ նվեր է հայկական կինոյին: Եթե մենք այսպես ամեն առիթով մեկ հայկական ֆիլմ կարողանանք թվայնացնել, իսկապես շատ մեծ բան արած կլինենք հայկական կինոյի պատմության համար», ասաց Խաչատրյանը: Տարիներ առաջ «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ «Շորն ու Շորշորը» դիտած հանդիսատեսը, վստահ եմ, հիշում է այդ ֆիլմի ցուցադրության ժամանակ բեմում հնչած կենդանի երաժշտությունը՝ Վահագն Հայրապետյանի խմբի կատարմամբ: Այս տարի կա հնարավորություն նորովի վերապրելու այդ հաճույքը «Զարեի» ցուցադրության ընթացքում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ